Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Արտավազդը կարող է սիգարը բերանում ճեմել, թեև դա ոչ մի կապ չունի մ.թ.ա. 1-ին դարի հետ»

«Արտավազդը կարող է սիգարը բերանում  ճեմել,  թեև դա ոչ մի կապ չունի մ.թ.ա. 1-ին դարի հետ»
23.12.2014 | 11:10

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը 2013-ին հայտարարել էր «Լևոն Շանթ» խորագիրը կրող թատերգության մրցույթ: Հայ ժամանակակից դրամատուրգների ներկայացրած 51 պիեսներից լավագույններն ամփոփվեցին «13 պիես» ժողովածուի մեջ: Գուրգեն Խանջյանի` առաջին մրցանակի արժանացած «Արտավազդ Շիդար» պիեսը, մրցույթի պայմանների համաձայն, ներկայացվեց թատերասերների դատին: Բեմադրիչը Արմեն Մեհրաբյանն է, գլխավոր դերում` Արման Նավասարդյանը: Պրեմիերան տեղի ունեցավ Համազգային պետական թատրոնում:
«Սոս Սարգսյանն ասում էր` ամեն ինչ պետք է անենք, որ մեր թատրոնում նոր ներկայացումները չդադարեն. դրանք պետք է լինեն շատ, պետք է լինեն որակով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նշելով, որ «Արտավազդ Շիդարը» թատրոնի խաղացանկը հարստացնում է նոր բնույթի ներկայացմամբ:
«Հայր իմ, երբ դու գնում ես և ամբողջ աշխարհը քեզ հետ ես տանում…» հայտնի տողերով սկսվող ներկայացման հիմքում Արտավազդի մասին առասպելն է:
«Ներկայացումը մեր մասին է,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ:- Պիեսից շատ եմ հեռացել, այն, ինչ ես եմ արել, շատ էկլեկտիկ է, իրարամերժ, բախումներով լի: Ժամանակը մերժված է: Ամեն տեղ է և ամեն պահի»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ արվեստն առաջին հերթին պատասխանում է ոչ թե «ինչ», այլ «ինչպես» հարցին: Բայց այս դեպքում ինքն անդրադարձել է «ինչ»-ին: Որովհետև կարևոր չէ, թե ինչպես են սպանել մարդուն` քարո՞վ, թե՞ միջուկային զենքով: Հարցն այն է, որ մարդ է սպանվում, և «ինչպեսը» գնում է երկրորդ պլան. «Պիեսը շատ բարդ է: Այն, ինչն ամենից շատ հուզել է ինձ, «Ո՞վ եմ ես» հարցադրումն է: Սա կարևոր հարց է ոչ միայն պիեսում, այլև կենցաղում, առօրյայում: Հարց, որին չենք կարողանում պատասխանել կամ փորձում ենք շրջանցել»:

Ներկայացման ուղերձը, ռեժիսորի դիտարկմամբ, նույնպես բավական բարդ է, և կարծում է, որ լիբրետոյի անհրաժեշտություն կա: «Խոսքը զուգորդումների մասին է: Արտավազդը կարող է սիգարը բերանում ճեմել, թեև դա ոչ մի կապ չունի մ.թ.ա. 1-ին դարի հետ: Կարևորն այն է, թե այս պահին զգացողությունն ինչ է ասում, ուր է տանում: Ինչպես որ կտավը կարող ես նկարել գրաֆիկական ոճով ու վերջացնել կոնցեպտուալ լուծումներով: Ոճերի բախումը չէ կարևոր, այլ այն, ինչ զգում ես այդ պահին: Արվեստն առաջին հերթին զգացական աշխարհ է: Գիտակցությունը կարող է խանգարել: Ենթագիտակցությունն այս դեպքում ավելի զորեղ է»:
Չնայած կարճ նախաբանին` ռեժիսորը հանդիսատեսի դատին թողեց ներկայացումը: Վստահ է, որ կլինեն հարցեր, հակադարձումներ, կարող են համաձայնել ու չհամաձայնել. «Միքելանջելո Անտոնիոնին այնքան պրոֆեսիոնալ ռեժիսոր էր, որ երբեք սպանված մարդու դիակը մոտիկից ցույց չէր տալիս, սրանով գրգռելով դիտողի երևակայությունը: Պետք է ազատ լինի արվեստասերի երևակայությունը»:
Երբ հիշատակեցի 91-ին բեմադրված «Էլեգիա» նորարարական ներկայացումը, որ բարդ ճակատագիր ունեցավ, Արմեն Մեհրաբյանն ասաց. «Ինձից է գալիս, ես փշոտ եմ, սրի տակով չեմ անցնում, ձեռնասուն չեմ»: Անդրադառնալով` «Իսկ ի՞նչ է լինելու այս ներկայացման ճակատագիրը» հարցին` պատասխանեց. «Երկար չի ապրի, ինքը լավն է…»: Հետո հավելեց. «Թեև սա էլ է մերը, մենք սրա մեջ էլ ենք: Որպես ազգային տիպ, հոգեկերտվածք շատ իրարամերժ ենք»:
Իսկ ահա Վարդան Մկրտչյանի կարծիքով` ամեն ներկայացում ինքն է թելադրում իր կյանքը: Մտավորականների, թատրոնի մարդկանց արձագանքները դրական են, ամենօրյա, շարքային հանդիսատեսը ինչ կերպ կընկալի, պարզ կլինի հընթացս: Նրա գնահատմամբ` արվել է ճաշակով, գրագետ ներկայացում, ինքնատիպ աշխատանք: Ընդգծեց, որ դրամատուրգի և բեմադրիչի մոտեցումներին գումարվում է Արման Նավասարդյանի բացառիկ կատարումը. «Ինչի համար ես շատ ուրախ եմ, Արմանը Սոս Սարգսյանի ընտրած, սիրելի սաներից է, և կարծում եմ, մեր վարպետը շատ ուրախ է այն փաստի համար, որ ունենք այսօր»:
«Արտավազդ Շիդար». թվում է` դիտելու ես պատմական ներկայացում, մինչդեռ մեզ ծանոթ ավանդազրույցից, պատմական դրվագներից ոչինչ չի մնում: Ավելի խորքում գտնում ես ոչ միայն անժամանակություն, այլև քո ժամանակը, հանդիպում ես քաղաքական բաց տեքստերի, երկփեղկված Ես-ի անանց փնտրտունքին: Ավելի խորքում` էդիպյան բարդույթն է, վերջում` զնդանված չարությունը:
Երկար կարելի է խոսել այս ներկայացման մասին: «Արվեստն առաջին հերթին ասելիք է: Ասելիքը պետք է մտածելու տեղիք տա: Եթե ներկայացումն այս դահլիճում ավարտվեց, հետդ տուն ոչինչ չտար, ուրեմն ոչինչ չես արել, ոչ ոքի այն պետք չէ»,- արդեն ներկայացումից հետո, մեզ հետ զրույցում, ասաց Արմեն Մեհրաբյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ